ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը»

«Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը»
27.04.2023 | 10:18

Այսօր տպարանից ստացվել է Վլադիմիր Պետրոսյանի «ՄՈՍԿՎԱՅԻ 1921 Թ. ՄԱՐՏԻ 16-Ի ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ» նոր աշխատությունը։

Ստորև ներկայացվում է գրքի «Հեղինակի Կողմից» առաջաբանը։

Գիրքը կարելի է ստանալ Գեղամ Գալստյանի միջոցով։
Հեռ․՝ 58-45-22, 58-45-23։

ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ
1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի կնքումից անցել է 100 տարի։
Այդ պայմանագիրը մինչև օրս էլ գտնվում է հանրության
ուշադրության կենտրոնում։ Հայտնվել են իրարամերժ տեսակետներ։
Հեղինակների մի մասը, հատկապես Դաշնակցության գաղափարախոսները և նրանց հետևորդները, այդ պայմանագիրը համարում են հայ ժողովրդի դեմ ռուս-թուրքական դավադրություն, Հայաստանի հաշվին իրենց խնդիրները լուծելու միջոց։
Անհրաժեշտ չեմ համարում նրանց արտահայտած գնահատականին հանգամանորեն անդրադառնալ։ Միայն կամենում եմ շատ համառոտ նշել հետևյալը։
1.Վերոհիշյալ ուսումնասիրողներն ու հեղինակները նշում
են, թե այդ պայմանագիրը «կնքել են Սովետական Ռուսաստանը
և քեմալական Թուրքիան, որոնք միջազգային իրավունքի սուբյեկտ չեն հանդիսացել, և այդ իմաստով այն ամբողջապես անօրինական պայմանագիր է»:
Այսպիսի պնդումը ժամանակավրեպ է, քանի որ երկու
պետությունների միջև կնքված պայմանագրով հաստատված սահմանը, ի վերջո, ճանաչվել է Լոզանի կոնֆերանսում։
Որքան էլ նրանք կրկնեն, թե կնքված պայմանագիրն անօրինական է, որևէ արժեք չի ներկայացնում և միայն սուբյեկտիվ զգացումի արդյունք է։
2.Վերոհիշյալ գաղափարախոսները մարտի 16-ին կնքված պայմանագիրը գնահատում են որպես «չարաբաստիկ պայմանագիր» և պնդում են, թե «այդ պայմանագրով Թուրքիային է
հանձնվել ոչ միայն Կարսի մարզը, այլև Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը զիջվել է Սովետական Ադրբեջանին»:
Վերոհիշյալ հեղինակները «մոռանում են», որ Կարսի մարզն ու Սուրմալուն թուրքական զորքերը զավթել էին 1920
թվականի նոյեմբերի սկզբին։ Նրանք նաև «մոռանում են», որ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում քեմալական
Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված պայմանագրով Հայաստանի սահմաններից Թուրքիայի պնդմամբ դուրս են թողել Կարսը, Սուրմալուն, Արմավիրի և Թալինի շրջանների տարածքները, Շիրակի դաշտավայրը Ալեքսանդրապոլ քաղաքով, Արթիկի, Սպիտակի, Վանաձորի շրջանները, ինչպես նաև Արարատի շրջանի մի մասը, Շարուր-Դարալագյազը, Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը։
Այդ հեղինակներին հարկ եմ համարում հիշեցնել, որ
1920 թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը Վրաստանի հետ կնքված պայմանագրով նրան է հանձնել Լոռու տարածքը։
Այսպիսով, դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրով Հայաստանի Հանրապետության տարածքը կազմել է 9.000 քառ. կմ։
Անհրաժեշտ է նշել, որ վերոհիշյալ տարածքները, բացի
Ղարաբաղից ու Նախիջևանից, մարտի 16-ին ստորագրված պայմանագրով վերադարձվել են Հայաստանին։
Հայաստանին վերադարձված տարածքների փոխարեն
Թուրքիային են հանձնվել Կարսը և Սուրմալուն։
Ինչ վերաբերում է Նախիջևանին, ապա այնտեղ հաստատվել էր սովետական իշխանություն, և, որպեսզի կանխվեր Թուրքիայի մտադրությունը, Սովետական Ռուսաստանի պընդմամբ Նախիջևանը հանձնվել է Սովետական Ադրբեջանին։
Այսպիսով, ռուս-թուրքական պայմանագրով Հայաստանի տարածքը 9000 քառ. կմ-ից հասցվել է մոտ 30000 քառ. կմ-ի։
Իսկ Ղարաբաղի հարցի կապակցությամբ անհրաժեշտ է
նշել հետևյալը։
Սովետական Ռուսաստանի պահանջով Թուրքիայի հետ
վարվող բանակցություններին հրավիրվել էին մասնակցելու Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի պատվիրակությունները։ Քառակողմ բանակցությունների ընթացքում քըննարկվելու և որոշվելու էր Սովետական Հայաստանի ու Թուր-
քիայի, ինչպես նաև Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի սահմանների հարցը։
Սովետական Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Գ. Չիչերինը Լենինին ուղարկած նամակում Ղարաբաղը համարում էր վաղնջական հայկական տարածք։ Նկատի ունենալով Չիչերինի այս տեսակետը՝ անհրաժեշտ է նշել, որ Սովետական Ռուսաստանի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, կնքվող պայմանագրով, հիմք ընդունելով, Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը Սովետական Հայաստանին զիջելու մասին
Սովետական Ադրբեջանի պաշտոնական հռչակագիրը, մտադրություն ուներ դրան իրավական ձևակերպում տալ։
3. 1921 թվականի մարտի 16-ին կնքված պայմանագիրը
որոշ հեղինակներ գնահատում են որպես «հակահայկական բնույթ ունեցող»: Նրանք այդ տեսակետը հիմնավորելու համար
ընդգծում են, որ Մոսկվայում սկսված ռուս-թուրքական բանակցություններին» հայկական պատվիրակությանը թույլ չի տրվել մասնակցել, և զրկվել է պայմանագիրը ստորագրելու իրավունքից»:
Մեղմ ասած, Դաշնակցության գաղափարախոսները և
նրանց հետևորդները մեղանչում են ճշմարտության առջև։
Միաժամանակ վերոհիշյալի կապակցությամբ ուզում եմ
հիշեցնել հետևյալը։
1921 թ. փետրվարի 24-ին Երևանում գտնվող թուրքական
հրամանատարության ներկայացուցիչ Բեհաէդդին բեյը, որը նաև Հայաստանում ներկայացնում էր թուրքական կառավարությանը, այցելել է Ս. Վրացյանին և հայտարարել. «Մեր կառավարությունը ճանաչում է Հայաստանի փրկության կոմիտեն որպես
միակ ազգային իշխանություն Հայաստանում։
Եվ այն չափով, որ չափով Հայաստանի և Տաճկաստանի
սահմանների հարակից խնդիրներն ստացել են իրենց իրավական լուծումը Ալեքսանդրապոլի դաշնագրով, պարզ է, որ հայկական կառավարությունը ևս չի հանդուրժի, որպեսզի Մոսկվայի խորհրդաժողովում այդ հարցերը քննության առնվեն»:
Բեհաէդդին Շաքիրը նաև խնդիր է դրել. «Համաձայնութեան պետութիւնների և Տաճկաստանի փոխյարաբերութիւններն արդէն նոր ընթացք են ստանում, որի լաւագոյն ապացույցն է հանդիսանում մօտ օրերս կայանալիք Լոնտոնի խորհրդաժողովը։
Հայ ազգային կառավարութիւնը, անկասկած, հարկ եղած
միջոցները կը ձեռնարկէ Ալեքսանդրապոլի եղբայրական դաշնագրի հիմունքներով, հենց որպէսզի երրորդ օտար ուժեր հայկական խնդիրն առիթ չծառայեցնեն, պատգամավորութեան (նկատի ունի թուրքական պատվիրակությունը-Վ.Պ.) հնարա-
ւորութիւնները սահմանափակելու»։
Եվ Թուրքիայի թելադրանքով Ս. Վրացյանը հեռագրեր է
ուղարկել Մոսկվա ու Լոնդոն։
Ստորև ներկայացնում եմ «Ազատ Հայաստան» թերթի հաղորդումը և Ս. Վրացյանի՝ Մոսկվա ուղարկած վերջին հեռագիրը.
ՄԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՄԻ ՆՈՐ
ՅԱՅՏԱԳԻՐԸ ՉԻՉԵՐԻՆԻՆ
Մեր թերթի մէջ մենք արդէն հաղորդել ենք, որ Մօսկւայում բացւել է արևելքի խնդիրներին նւիրւած մի ժողով, որին մասնակցում են, նաև, Տաճկաստանի ներկայացուցիչները։ Այդ ժողովում, ինչպէս կյիշէ ընթերցողը, իբրև Հայաստանի պաշտօնական
ներկայացուցիչ դուրս է եկել նախկին արտ. գործ. ժող. կօմ. Բէկզադեանը այն ժամանակ, երբ բօլշևիկեան իշխանութիւնը Հայաստանում տապալւած է, նկատի ունենալով, որ նախկին բօլշևիկեան իշխանութեան ներկայացուցիչները անամօթաբար
շարունակում են խօսել ու գործել իբրև Հայաստանի ներկայացուցիչներ, Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան վարիչ Ս. Վրացեանը ուղղել է Մօսկւա, Չիչերինին հետևեալ հեռագիրը, միանգամ ընդմիշտ վերջ դնելու համար հայ բոլշևիկների ոտնձգութիւններին ընդդէմ ազատագրւած Հայաստանի։
ՄՈՍԿՎԱ, ԱՐՏ. ԳՈՐԾ. ԺՈՂ. ԿՕՄԻՍԱՐ ՉԻՉԵՐԻՆԻՆ
Բոլորին, բոլորին, բոլորին
Հայրենիքի Փրկութեան Կօմիտէն իր ժամանակին հաղորդեց ձեզ, որ աշխատաւոր զանգւածները տարերային բնոյթ կրող
ապստամբութեամբ տապալեցին Հայաստ. խորհրդային կարգերը, և որ փետրւարի 18-ից ամբողջ իշխանութիւնն անցաւ հայ դեմօկրատիայի իսկական ներկայացուցիչների ձեռքը։
Այնինչ, նախկին Խորհրդային Հայաստանի արտ. գործ.
ժողկօմիսար Բէկզադեանը շարունակում է Մօսկւայում հանդէս գալ, խօսել Հայաստանի Հանրապետութեան անունից։ Հարկ ենք համարում կրկին անգամ ձեր ուշադրութիւնը հրաւիրելու և այն
հանգամանքի վրա, որ փետրւարի 18-ի ակտով ոչնչացւած են նախկին Խորհրդային Հայաստանի կառավարութեան կողմից հաստատւած ներկայացուցչութիւնները, նաև այս կամ այն ան-
ձին արւած լիազօրութիւնները, հետևաբար, Բէկզադեանի հանդէս գալը իբրև Հայաստանի ներկայացուցչի, իրեն չպատկանող
իրաւունքների մի կոպիտ շահագործութիւն է։
Հայաստանի կառավարութիւնը սրանով յայտարարում է, որ իր համար պարտադիր չեն Հայաստանի Հանրապետութեան անունից Բէկզադեանի ձեռքով կնքւված բոլոր պայմանագրերը, նաև նրա կողմից յանձն առնւված բոլոր պարտականութիւնները,
ինչ իմաստով և ինչ չափով էլ որ լինին նրանք։ No 75, 12 մարտի։
Արտաքին գործերի նախարարութեան վարիչ՝
Ս.Վրացեան» («Ազատ Հայաստան», 1921թ. 15 մարտի):
Անհրաժեշտ եմ համարում նշել նաև հետևյալ կարևոր իրողությունը։
Սովետական Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ
Չիչերինը Լենինի հանձնարարությամբ ամիսներ շարունակ բանակցություններ էր վարում քեմալական Թուրքիայի հետ պայմանագիր կնքելու շուրջ։
Այդ բանակցությունների ժամանակ Սովետական Ռուսաստանը դնում էր նաև Վանը, Մուշը, Բիթլիսը Հայաստանին վերադարձնելու պահանջը։
Չնայած հռչակված «Ազգային ուխտով» վերոհիշյալ տա-
րածքները մտցվել էին Թուրքիայի կազմի մեջ, քեմալական Թուրքիայի կառավարությունը դժվարությամբ համակերպվել է Սովետական Ռուսաստանի պահանջին։
Այդ համակերպվելը պայմանավորված էր նրանով, որ
Անտանտի դեմ պայքարում քեմալական Թուրքիան զգում էր Սովետական Ռուսաստանի ռազմական օգնության կարիքը։ Եվ երբ փետրվարի 26-ին սկսվեցին բանակցությունները, Սովետական Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Չիչերինն իր
ներկայացրած նախագծում նշել էր Վանը, Մուշը և Բիթլիսը վերադարձնելու պահանջը։
Թուրքական պատվիրակությունն այդ պահանջը ձախողելու նպատակով բռնել էր բանակցությունները ձգձգելու դիրք։ Երբ ստացվել է Ս. Վրացյանի վերոհիշյալ հեռագիրը, որով հայտնվում էր 1920 թ. դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրով հայ-թուրքական սահմանը պաշտպանելու մասին, թուրքական պատվիրակությունը պահանջել է համաձայնվել դրա հետ։ Իսկ դա
նշանակում էր բանակցությունների օրակարգից հանել Վանը, Մուշը, Բիթլիսը վերադարձնելու հարցը։
Կարելի է պատկերացնել, թե Սովետական Ռուսաստանի
արտաքին գործերի ժողկոմ Չիչերինի համար ինչպիսի անհարմար վիճակ է ստեղծվել։ Ամիսներ շարունակ վերոհիշյալ հայկական տարածքները վերադարձնելու հարցի շուրջ ծավալված
դժվարին բանակցություններից հետո Սովետական Ռուսաստանի կառավարությունը կանգնել է կատարված փաստի առջև և
ստիպված է եղել համաձայնվել այդ հարցը հանել օրակարգից։
Ամփոփելով մարտի 16-ի պայմանագրի մասին Դաշնակցության գաղափարախոսների և նրանց հետևորդների արտահայտած գնահատականի համառոտ տեսությունը՝ հարկ եմ համարում ընդգծել հետևյալը.
Առաջին. 1921 թվականի փետրվարին Դաշնակցության
կազմակերպած խռովությունը եղել է քեմալական Թուրքիայի նախագիծը։ Այդ մասին է վկայում, օրինակ, 1921 թ. մարտի 3-ին «Ազատ Հայաստան» թերթում Ս. Վրացյանի «խմբագրականը», որտեղ ասվել է հետևյալը.
«Հակառակ սակայն բոլոր դաւադրութիւններին, բոլոր
աններելի միջոցներին, որ ի գործ դրին սօցիալիստ գործակալները այստեղ և այլուր, հայ և թուրք ժողովուրդները համոզվեցին ինքնաբերաբար, փաստերի ճնշման տակ, որ Սովետական Ռուսաստանը շատ հեռու է բարեկամը լինելուց փոքրիկ ժողովուրդներին, և եթէ վերջիններս որոշում են հանգիստ ապրել և
անկախ ամեն արտաքին ճնշումներից բարգաւաճել, պարտաւոր են վերջապէս ձեռք ձեռքի տւած գործել։
Եւ այդպէս էլ լինում է, հայ և թուրք ժողովուրդները
մոտենում են իրար»:
Հայտնելով հայ և թուրք ժողովուրդների մերձեցման մասին՝ Ս. Վրացյանը նկատի է ունեցել Հայաստանում բնակվող թուրքերին, որոնք անմիջականորեն գործում էին քեմալական Թուրքիայի հանձնարարությամբ։
Եվ պատահական չէր 1921 թվականի մարտի 15-ին «Ազատ Հայաստան» թերթում «ՀԱՅ ԵԻ ԹՈՒՐՔ ԲԱՐԵԿԱՄՈՒԹԵԱՆ
ԽՆԴԻՐԸ» խմբագրական հոդվածում Ս. Վրացյանը գրել. «Բոլշևիզմի դժոխային լուծից ազատագրւած Հայաստանի և հայ ժողովրդի առջև դրւած քաղաքական բոլոր խնդիրներից, ամենակարևորը և ամենակենսականը հայ և թուրք համերաշխութեան,
Հայաստանի և Տաճկաստանի բարեկամութեան հաստատումն է»:
Այնուհետև Ս. Վրացյանը գրել է. «Հայ և թուրք անհաշտութեան ու թշնամութեան մեջ ուրիշ, թերևս աւելի խոշոր պատճառն էր նաև հայ ժողովրդի անուղղելի ռուսասիրությունը, որ
հասնում էր ինքնասպան մոլութեան աստիճանին։ Սկսած հայ ինտելիգենցիայից մինչև վերջին հայ գյուղացին ու բանւորը՝ հայ ժողովուրդը բռնւած էր ռուսամոլութեան աղետաբեր ցաւով։ Իր
ազատութիւնն ու անկախութիւնն անգամ նա պատրաստ էր յաճախ զոհել Ռուսաստանի հանդէպ ունեցած իր կոյր սիրոյ։ Այդ հոգեբանութիւնն էր պատճառը, որ հայ ժողովուրդը այնքան կրաւորական դիրք բռնեց ռուսական բօլշևիզմի ներխուժման հանդէպ՝ դեկտեմբերին»:
«Եւ ահա, - շարունակել է Ս. Վրացյանը,- ռուսական բօլ-
շևիկների մուտքը Հայաստան և նրանց երկու և կես ամսւայ սանձարձակ տիրապետութիւնը Հայաստանում մի անգամ ընդմիշտ եկան մեռցնելու հայ ժողովրդի հոգու մէջ ապրող յիմարական հաւատը դէպի Ռուսաստան և նրա մահաբեր իշխանութիւնը»:
Այնուհետև Ս. Վրացյանը գրել է, որ «Հայ ժողովուրդն իր
սեփական փորձով համոզվել է ու վերջին անգամ տեսել է, որ բօլշևիկների հետ իր երկիրը մտած ռուս. Տիրապետութիւնը գերեզման է միայն իր ազատութեան և նոյնիսկ գոյութեան համար»:
Վրացյանը գրել է նաև հետևյալը. «Դժւար է երևակայել
աւելի նպաստաւոր պայմաններ հայ և թուրք մերձեցման ու բարեկամութեան համար, քան քաղաքական այն վիճակը, որ ստեղծւել է Անդրկովկասում, այժմ բօլշևիզմի սթափեցնող հարւածների տակ»:
Սիմոն Վրացյանն իր «խմբագրականը» ավարտել է՝ ընդ-
գծելով 1921 թվականի փետրվարյան խռովության հետևյալ գլխավոր նպատակը. «Սակայն Անդրկովկասի մէջ ապրող հայ և թուրք ժողովուրդները բօլշևիզմի զարհուրելի կօշմարից վերջնականապէս ազատւել և իրենց անկախ քաղաքական գոյութիւնը
միանգամայն ապահովել կարող են միայն Տաճկաստանի բարեկամութիւնը շահելով։
Իրերի պատմական բերումով Անդրկովկասի ժողովուրդ-
ների քաղաքական ազատութեան իրական պաշտպանը կարող է դառնալ միայն Տաճկաստանը։ Որովհետև Տաճկաստանն է այն միակ իրական մերձաւորագոյն քաղաքական ոյժը, որ անմիջապէս և կենսապէս շահագրգռւած է Անդրկովկասի ժողովուրդների կատարեալ ազատագրութեամբ բօլշևիկեան Ռուսաստանի խեղդող լուծից և որ ի վիճակի է այդ պահիս իրական օգնութիւն հասցնել իրենց ազատութեան համար հերոսաբար կռւող Անդրկովկասի ժողովուրդներին։
Իր ազատագրական պայքարի այս տաժանելի օրերին հայ ժողովուրդը քաղաքական իմաստութիւն պիտի ունենայ թօթափելու իրենից անցեալի դառն յուշերն ու աւանդութիւնները և Տաճկաստանի բարեկամութիւնը հաստատելու համար։ Թուրք ժողովրդի, Տաճկաստանի գործուն բարեկամութեամբ է միայն, որ
հայ ժողովուրդը պիտի դուրս գայ իր ներկայ ծանր տագնապից, և թուրք ժողովրդի հետ միասին է, որ հայ ժողովուրդը պիտի կարողանայ վերջապէս ձեռք բերել տևական խաղաղութիւն և տևական ապահովութիւն։
Ուրիշ ճանապարհ չկայ...»
Ահա թե Դաշնակցության ղեկավարությամբ ստեղծված
«Հայրենիքի Փրկության կոմիտեն» ում օգնությամբ էր ուզում փրկել Հայրենիքը։
Ահա թե ում թելադրանքով էր գործում այդ «Հայրենիքի
Փրկության կոմիտեն»:
Կարծում եմ, որ վերոհիշյալը նկատի ունենալով՝ ընթերցողները կհամոզվեն, թե Դաշնակցության գաղափարախոսները և նրանց հետևորդներն ինչ նպատակ են հետապնդում՝ 100 տարի շարունակ 1921 թվականի փետրվարյան խռովությունը ներկա-
յացնելով որպես Հայաստանի անկախության վերականգնում և ինչ նպատակով են հակահայկական համարում 1921 թ. մարտի 16-ին ստորագրված ռուս-թուրքական պայմանագիրը։
Անհրաժեշտ է նշել, որ մի շարք հեղինակներ ռուս-թուրքական պայմանագիրը քննարկում են առանց զգացումների՝ հաշվի առնելով դրա ստորագրման ժամանակ ձևավորված միջազգային
հարաբերությունները։
Հարկ եմ համարում ընդգծել 1921 թ. մարտի 16-ին Մոսկ-
վայում ստորագրված ռուս-թուրքական պայմանագրի նախօրյակին՝ ամիսներ շարունակ, Սովետական Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմատը ինչպիսի դժվարությամբ է վարել դիվանագիտական բանակցությունները, և ինչպիսի ծավալ է ունեցել այդ կապակցությամբ կատարված նամակների, նոտաների
փոխանակումը։
Կարծում եմ, որ այդ դիվանագիտական փաստաթղթերին
ծանոթանալով՝ ընթերցողները կհամոզվեն, թե պայմանագիրը ստորագրելու համար ինչպիսի դժվարություններ են հաղթահարվել։
Վերջում անհրաժեշտ եմ համարում նշել, որ 1921 թ. ապ-
րիլի 2-ին՝ Հայաստանում սովետական իշխանությունը վերականգնելուց հետո, Թուրքիան ձգձգում էր իրագործել Հայաստանի վերոհիշյալ տարածքներից իր զորքերը հեռացնելու պահանջը։
Թուրքիան հույս ուներ, որ Զանգեզուր հեռացած «Փրկու-
թյան կոմիտեի» ղեկավարները կվերականգնեն իրենց իշխանությունը և նորից կհայտարարեն իրենց հավատարմությունը դեկտեմբերի 2-ի պայմանագրին։
Սակայն, Թուրքիայի նպատակը ձախողվել է։ Սովետական Ռուսաստանի կառավարության հանձնարարությամբ կարմիր բանակի հրամանատարությունը թուրքական զորքերի հրամանատար Կարաբեքիր փաշային վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով զորքերը դուրս հանել Հայաստանի տարածքից։
1921 թ. ապրիլի 22-ին, ենթարկվելով Սովետական Ռուսաստանի պահանջին, Թուրքիան իր վերջին զորամասերը հանել է Ալեքսանդրապոլից։
Ի միջի այլոց, հարկ եմ համարում նշել, որ մարտի 16-ի
պայմանագրի համաձայն՝ կարճ ժամկետում Թուրքիայի հետ պայմանագիր պետք է ստորագրեին Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը։
Ինչպես մարտի 16-ի պայմանագիրը ստորագրելու նախօրյակին, այնպես էլ պայմանագրի կնքումից հետո թուրքական պատվիրակությունը վարում էր ձգձգելու քաղաքականություն։
Այժմ էլ Անդրկովկասյան երեք հանրապետությունների
հետ բանակցություններ սկսելը Թուրքիան ձգձգում էր՝ հույս ունենալով, որ Զանգեզուրում Նժդեհի ղեկավարած զինված պայքարը կհաղթի, կտապալի Հայաստանում վերականգնված սովետական իշխանությունը, և դրա փոխարեն կհաստատվի դեկտեմբերի 2-ի պայմանագիրն ընդունող դաշնակցական կառավարությունը։ Սակայն Թուրքիայի սպասելիքները չարդարացան, և նա հարկադրված էր 1921 թ. հոկտեմբերին Կարսում սկսել բանակցություններ վերոհիշյալ հանրապետությունների
հետ։

Վ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
24.02.2021

Դիտվել է՝ 5375

Մեկնաբանություններ